ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը
հայտարարել է, որ դաշինքը քննարկում է հրթիռների մի մասը պահեստարանից հանելու և
պատրաստականության ռեժիմի բերելու հարցը՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից աճող
սպառնալիքի պատճառով։ Այս մասին նա ասել է The Telegraph-ին տված հարցազրույցում։
«Ես չեմ տրվի օպերատիվ մանրամասներին առ այն, թե
քանի միջուկային մարտագլխիկ պետք է բերվի պատրաստականության վիճակի և քանիսը պետք
է պահվի պահեստում, բայց մենք պետք է խորհրդակցենք այդ հարցերի շուրջ: Հենց սրանով
ենք մենք զբաղված»,- ասել է Ստոլտենբերգը:
Նրա կարծիքով՝ դաշինքը պետք է «ուղիղ ազդանշան»
ուղարկի իր հակառակորդներին միջուկային զինանոցի օգնությամբ։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի նպատակը «առանց միջուկային
զենքի աշխարհն» է, բայց քանի դեռ այն գոյություն ունի, ՆԱՏՕ-ն «կմնա միջուկային
դաշինք, քանի որ այն աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան
ունեն միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն՝ ոչ, ավելի վտանգավոր աշխարհ է»: Ստոլտենբերգը հայտարարել
է, որ Չինաստանը զգալի միջոցներ է ներդնում ժամանակակից սպառազինությունների,
ներառյալ միջուկային զինանոցի մեջ, որը, նրա խոսքով, մինչև 2030 թվականը կաճի
մինչև 1000 մարտագլխիկ:
«Իսկ դա նշանակում է, որ ոչ հեռու ապագայում ՆԱՏՕ-ն
կարող է բախվել մի բանի, ինչին նախկինում երբեք չի բախվել, այն է՝ միջուկային
երկու պոտենցիալ հակառակորդների՝ Չինաստանի և Ռուսաստանի: Իհարկե, դա հետևանքներ
ունի»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը: